Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանն Իռլանդիայի ընտրանու դեմ ԱԱ2026-ի ընտրական մրցաշարի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին.
«0:5 հաշիվը մեծ հարված է, ու այնպես չէ, որ մենք դա պետք է արագ մոռանանք։ Վերականգնվելը շատ դժվար է։ Որքան էլ ցանկանում ենք, հետք է մնում։ Մենք Հայաստանի հավաքականն ենք, ու ցանկացած պարտություն, առավել ևս` խոշոր հաշվով, ազդում է։
Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներն իրենց ոճով ու խաղամակարդակով տարբեր են։ Իռլանդիան նույնպես մեզ համար ուժեղ թիմ է, բայց հաղթելն իրատեսական է։ Մեծ աշխատանքի դեպքում կարող է ստացվել։ Դժվարություններ կլինեն, լուրջ մրցակից է, բայց Պորտուգալիա չէ։ Չեմ էլ կարող ասել նաև, որ միջին մակարդակի թիմ է։
Մենք կոնկրետ ծրագիր ունենք, թե ինչպես պետք է խաղանք Իռլանդիայի դեմ, ու մարզչական շտաբն այսօր արդեն ներկայացրել է թիմին։
Կադրային խնդիրների ու վնասվածքների վերաբերյալ, ներեցեք, բայց չեմ կարող խոսել, քանի որ հավելյալ տեղեկություն կտանք մրցակցին։
Երկու թիմերն էլ հավասար պայմաններում են, քանի որ նույն օրն ենք խաղացել։ Մենք առավելություն չունենք։ Մեր առավելությունը երկրպագուներն են։ Ֆուտբոլիստները նույնպես զգացին աջակցություն։ Հավատացեք մեզ, ու ամեն ինչ լավ կլինի»,- ասել է ազգային ընտրանու գլխավոր մարզիչը։