Անգլիացի Հարվի Էլիոթը ճանաչվել է Եվրո 2025-ի լավագույն խաղացող մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների շրջանում։
Շաբաթ օրը կայացած եզրափակչում Գերմանիայի նկատմամբ Անգլիայի 3:2 հաշվով հաղթանակի ժամանակ «Լիվերպուլի» 22-ամյա խաղացողը բացեց խաղի հաշիվը։ Նա մրցաշարն ավարտեց որպես երկրորդ լավագույն ռմբարկու՝ հինգ գոլով, ընդամենը մեկ գոլով զիջելով «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր` Նիկ Վոլտեմադեին։
Հիշեցնենք, որ Էլիոթը «Ֆուլհեմի» սան է։ Նա միացել է «Լիվերպուլի» երիտասարդական թիմին 2019 թվականին։ Այս մրցաշրջանում նա հիմնականում փոխարինման է դուրս եկել. 28 խաղում խաղադաշտում անցկացրել է 821 րոպե, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը 22-ամյա հարձակողական կիսապաշտպանին գնահատում է 30 միլիոն եվրո։