Թեև «Բարսելոնան» վստահորեն գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը չորս միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին», Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը կատալոնական ակումբի համար այնքան էլ հարթ չի դասավորվում։ Հինգ տուրից հետո «Կապտանռնագույններն» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում են 18-րդ տեղը։ Այդ պատճառով, ինչպես նշել է Հանսի Ֆլիկը, «Այնտրախտի» դեմ հանդիպումը «շատ կարևոր է»։ Խաղը հատկանշական է նաև նրանով, որ երկար դադարից հետո եվրոպական ֆուտբոլային երեկոները վերադառնում են «Սպոտիֆայ Կամպ Նոու»։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Ֆլիկը խոսել է գերմանական թիմի մասին, որին շատ լավ է ճանաչում. «Նրանք լավ և շատ երիտասարդ թիմ ունեն՝ համալրված արագ ու ինտենսիվ ֆուտբոլիստներով։ Նրանք գիտեն՝ ինչպես հարմարեցնել իրենց խաղային համակարգը»,- նշել է Ֆլիկը՝ շեշտելով, որ հաջողության հասնելու համար իր թիմը պետք է լավագույնս դրսևորի իրեն. «Մենք պետք է խաղանք մեր ամենաբարձր մակարդակով։ Այդ դեպքում կկարողանանք վաստակել երեք միավոր, բայց հեշտ չի լինելու»։
«Բարսելոնան» խաղին մոտենում է լավ մարզավիճակում՝ չնայած Լոնդոնում կրած պարտությանը։ Սա համընկել է նաև վնասվածք ունեցող մի շարք առանցքային ֆուտբոլիստների վերադարձի հետ։ «Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել վերջին երեք ամիսներին։ Մենք շատ կորուստներ ունեինք և ստիպված էինք զգուշորեն բաշխել խաղաժամանակը»,- ասել է նա:
Ֆլիկը գոհունակությամբ է խոսել թիմի առաջընթացի մասին. «Մենք լավ վիճակում ենք, շատ մոտ ենք այն խաղին, որը ցանկանում ենք տեսնել և որն անհրաժեշտ է մեզ: Պաշտպանական գիծը նախորդ ամսվա համեմատ այլ մակարդակի վրա է։ Թեև մարզվելու ժամանակ քիչ ունենք, բայց մենք կատարելագործվում ենք հենց խաղերի ընթացքում, ինչը շատ դրական է»։
Ասուլիսը նվիրված էր Չեմպիոնների լիգային, սակայն լրագրողները չեն շրջանցել նաև Լա Լիգայի թեման՝ հաշվի առնելով «Ռեալ Մադրիդի» վերջին սայթաքումները և «Բարսայի» առաջխաղացումը։ Սակայն Ֆլիկը մնացել է իր սկզբունքներին հավատարիմ. «Մենք միշտ նայում ենք ինքներս մեզ։ Չորս միավորի առավելությունը շատ լավ է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Այս մակարդակում միշտ պետք է տալ առավելագույնը։ Այս պահին ամենակարևոր խաղը «Այնտրախտի» դեմ հանդիպումն է»,- եզրափակել է գերմանացի մասնագետը: